Գնահատանքի երեկոյ ի պատիւ պրոֆ. Մկրտիչ Թումանեանի

«ԱԼԻՔ», Կ. Դ. — Իրանի գիտական երկնակամարում քիչ չեն այն հայորդիները, որոնցից իւրաքանչիւրը իր գիտական մակարդակով հանդիսացել է առաջատար: Ահաւասիկ պրոֆ. Մկրտիչ Թումանեանը, ով հանդիսանում է Իրանի գիտութիւնների ակադեմիայի մաթեմատիկայի ճիւղի նախագահը, մաթեմատիկայի բազմավաստակ դասախօս եւ միաժամանակ իրանահայ համայնքում ազգային-հասարակական գործիչ, ում պատւին կազմակերպւել էր իւրօրինակ գնահատանքի երեկոյ, նախաձեռնութեամբ՝ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան:

Թւականիս հինգշաբթի, յունւարի 23-ի երեկոյեան, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւած գնահատման երեկոյին, կազմակերպիչ յանձնախմբի անունից հանդէս գալով Սարինէ Թորոսեանը հակիրճ տողերով անդրադարձաւ պրոֆ. Թումանեանի կենսագրական տւեալներին նշելով, որ նա իր կեանքը ի սպաս է դրել յանուն գիտութեան եւ ուսուցանման:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան գիտութեան ակադեմիաների ներկայացուցիչներ եւ դասախօսներ: Նախ Իրանի մաթեմատիկայի մնայուն դէմք եւ գիտութիւնների կաճառի մնայուն անդամ, Իրանի «Սանաթի Շարիֆ» համալսարանի գիտական կազմի անդամ պրոֆ. Մեհդի Բեհզադը, անդրադառնալով պրոֆ. Թումանեանի գիտական կենսագրական տւեալներին ընդգծեց, որ Իրանում կեանքի է կոչւել մաթեմատիկայի 40 տներ, որոնց նպատակն է յատկապէս հեռու քաղաքներում ու գիւղերում ճանաչել մաթեմատիկայի գերազանց աշակերտներին եւ նրանց համար զարգացման առիթներ ստեղծել եւ նրանց պարգեւատրել գնահատագրերով եւ այդ առիթով նման գնահատագրեր յանձնեց պրոֆեսոր Թումանեանի թոռներին: Նա նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ պրոֆ. Թումանեանի տիկնոջ Արմենուհի Սարգսեան-Թումանեանի անվերապահ դերակատարութեանը պրոֆեսորի կեանքում:

Իրանի մաթեմատիկայի միութեան նախագահ եւ «Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս դոկտ. Մանսուր Վաէզփուրը նշեց, որ պրոֆ. Թումանեանը Իրանի մաթեմատիկայի միութեան ամենաազդեցիկ դէմքերից է, որի երկու շրջանի նախագահութիւնը վերապահւած է եղել պրոֆեսորին եւ նա 11 անընդմէջ շրջան եղել է միութեան գործադիր խորհրդի անդամ, որը ռեկորդային է: Միութիւնը Իրանում գրանցւած առաջին գիտական միութիւնն է: Նա նշեց, որ պրոֆեսոր Թումանեանի կարեւոր քայլերից է եղել կոնկուրսի բարեփոխման համար մի նախագծի մշակման մասնակցելը, որը ներկայացւելու է մշակութային յեղափոխութեան գերագոյն խորհրդին եւ Իսլ. խորհրդարանի ուսուցման յանձնաժողովին:

Իրանի գիտութեան կաճառի անդամ եւ Թեհրանի Պետական համալսարանի դասախօս, դոկտ. Ռահիմ Զառէ Նահանդին, անդրադարձաւ, պրոֆ. Թումանեանի կենսագրութեան գիտական ոլորտին եւ ընդգծեց, որ նա մաթեմատիկայի ուսուցման բնագաւառում հեղինակել է 10 դասագրքեր եւ համագործակցում է Իտալիայի Աբդոլսալամ միջազգային կենտրոնի հետ:

Թեհրանի Պետական համալսարանի դասախօս եւ պրոֆեսոր Թումանեանի ուսանող դոկտ. Հադի Զառէն կարեւորութեամբ անդրադարձաւ, որ պրոֆ. Թումանեանը միշտ եւ աներկբայ հովանաւորել է ուսանողների իրաւունքները:

Հանդիսութեանը Թաւրիզի հայոց դպրոցի նախկին տնօրէն Ժիրայր Խոսրովեանը անդրադարձաւ պրոֆ. Թումանեանի ազգային-հասարակական այն աշխատանքներին, որ նա ծաւալել է Ատրպատականի հայոց թեմում եւ ընդգծեց, որ նրա շնորհիւ էր, որ Թաւրիզի «Թամարեան» դպրոցի անունը, որը փոխւել էր, կրկին վերանւանւի «Թամարեան»:

Ապա հրաւիրւեց ներկաներին խօսքը փոխանցելու պրոֆ. Թումանեանը, ով իր գնահատանքը յայտնելով կազմակերպւած միջոցառման համար, հակիրճ տողերով անդրադարձաւ Իրանում գիտական բնագաւառներում հայ առաջատարներին եւ ընդգծեց, որ ինքը եղել է Իրանի աստղաֆիզիկայի մայր Ալենուշ Տէրեանի ուսանողը: Նա նաեւ անդրադարձաւ աշխարհում տարբեր բնագաւառներում հայ գիւտարարներին, որոնց գիւտերը աշխարհում կարեւոր են համարւում: Հանդիսութեանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով անդրադարձաւ Իրանի գիտական, մշակութային, հասարակական, արդիւնաբերական, մարզական եւ զանազան ոլորտներում, նաեւ Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայ համայնքի անմնացորդ դերակատարութեանը: Աւարտին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը հակիրճ անդրադարձաւ պրոֆ. Թումանեանի անհատականութեանը, իսկ նրա աշակերտ Մելիք Սարգսեանը յուշ պատմեց իր ուսանողական շրջանից: Ծրագրի ընթացքում ընթերցւեցին յղւած ուղերձները:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանի գիտութեան ակադեմիաների եւ համալսարանների հայ եւ ոչ-հայ դասախօսներ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրթական խորհուրդների, «Ալիք» հաստատութեան, Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը յուշանւէր յանձնւեց պրոֆ. Թումանեանին: Ծրագրի ընթացքում ցուցադրւեց փաստագրական տեսաֆիլմ, որի ընթացքում ինքը պրոֆեսորը ներկայացրեց ինքնակենսագրական տւեալները: Յատկանշական է, որ հանդիսութեանը Հ.Հ.Ը.Մ.-ի «Տաւիղ» երգչախումբը Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ ներկայացրեց հայերէնով ու պարսկերէնով ֆոլկլոր երգեր: